Նախորդ տարվա ամենամեծ թարմացումից հետո, երբ թողարկվեց կայքի նոր տարբերակը, չորեքշաբթի օրը Facebook-ը հանդես եկավ Էջերի (Փեյջ, Page) նոր դիզայնով։ Եթե ծանոթ չեք, ապա նշենք, որ Facebook Page հիմնականում օգտագործում են քաղաքական գործիչները, հայտնի անձինք, հանրային դեմքերը ինչպես նաև բիզնեսները՝ իրենց հաճախորդների և հետևորդների հետ հաղորդակցվելու համար։ Օգտատերերի մեծ մասը չունի կամ չի օգտագործում Facebook Page, բայց շատ հաճախ հետևում է առնվազն մեկ էջի։
Եթե հետևում եք որևէ էջի, ապա նկատած կլինեք, որ էջի լայքերի ընդհանուր քանակը չի երևում, դրա փոխարեն կարող ենք տեսնել հետևորդների քանակը։ Facebook-ը նշում է, որ այս փոփոխությունը մարդկանց համար հեշտացնում է էջերի կառավարումը, քանի որ հետևորդների թիվը ուղղակիորեն հավասար կլինի այն օգտատերերի թվին, ովքեր բաժանորդագրվել են թարմացումներ ստանալու համար:
«Մենք հեռացնում ենք Likes բաժինը և կենտրոնանում ենք Followers (հետևորդներ) բաժնի վրա, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի իրենց նախընտրած էջերին հետևելը»
Բնականաբար, նոր դիզայնը ենթադրում է նաև նոր առանձնահատկություններ։ Կա հատուկ ֆիդ (News Feed), որը կառաջարկի Facebook էջի տիրոջը հետևել և կապ հաստատել այլ հասարակական գործիչների էջերի հետ, ինչպես նաև կլինի նոր հնարավորություն՝ Հարց ու պատասխաններ (QA section) անցկացնելու համար։ Բացի այդ, Facebook-ը նաև պարզեցրել է անձնական էջը բիզնես էջին միացնելու ֆունկցիան և այժմ առաջարկում է օնլայն ներկայությունը վերահսկելու ընդլայնված գործիքներ։
Facebook-ի այլ բաժինների նման, Էջերը ևս զերծ չեն մնում այն մարդկանցից, ովքեր դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու համար, ուստի այս թարմացման ամենակարևոր մասը անվտանգության նոր միջոցներն են։ Հուսանք հայաստանում դրանք ևս լայն տարածում կստանան։