Հայցում նշվում է, որ էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունն աշխատում է հրատարակիչների հետ՝ մրցակցությունը կանգնեցնելու համար։
Ինչպես հաղորդում է The Wall Street ամսագիրը, Amazon ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել, որում ասվում է, որ ընկերության և 5 հրատարակիչների միջև գործարք է կնքվել, համաձայն որի էլեկտրոնային գրքերի գները բարձրանում են։
Hagens Berman իրավաբանական ընկերության կողմից Նյու Յորքի դաշնային շրջանային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ հրատարակիչները Amazon-ի բարձր միջնորդավճարներ և այլ ծախսեր են վճարում, ինչն իր հերթին մեծացնում է տվյալ հարթակում վաճառվող էլեկտրոնային գրքերի մանրածախ գինը:
Amazon-ի և HarperCollins Publishers, Hachette Book Group, Penguin Random House, Simon & Schuster,Macmillan հրատարակիչների միջև կնքված գործարքի համաձայն՝ Amazon-ի գինը այն գինն է, որը հրատարակիչները գանձում են նաև այլ մանրածախ վաճառողներից, թույլ չտալով այլ վաճառողներին ավելի ցածր գներով էլեկտրոնային գրքեր առաջարկել, ասվում է հայցում:
Հայցում նշվում է, որ հինգ հրատարակչություններին բաժին է ընկնում ԱՄՆ-ում վաճառվող գրքերի 80 տոկոսը, և այդ պայմանավորվածությունը կոչվում է “դավադրություն էլեկտրոնային գրքերի մանրածախ գինը սահմանելու նպատակով”, ինչը, հակամենաշնորհային օրենսդրության խախտում է համարվում:
2012 թվականին էլեկտրոնային գրքի մեկ այլ հայցում արդարադատության նախարարությունը Apple-ին մեղադրել է խոշոր գրահրատարակիչների հետ դավադրության մեջ, որը փորձելով մրցակցել Amazon-ի հետ՝ էլեկտրոնային գրքերի գները բարձրացրել էր Amazon-ի կողմից սահմանված $9,99-ից: Hagens Berman-ը նաև Apple-ի գործով առաջատար փաստաբան էր:
Հրատարակիչները հաշտվել են, սակայն Apple-ը դիմել է դատարան և պարտվել, ի վերջո համաձայնելով վճարել 450 մլն դոլար, որից 400 մլն դոլարը տրամադրվել է որպես փոխհատուցում սպառողներին: Apple-ը չի ընդունել, որ էլեկտրոնային գրքերի գների բարձրացման հարցում որևէ խախտում է տեղի ունեցել։
Amazon – ը հրաժարվել է մեկնաբանություններից, ինչպես նաև Penguin Random House-ը: